Իրանը կմիանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ բանակցություններին
Իրանի Իսլամական Հանրապետությունը կմիանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև անցկացվող եռակողմ բանակցություններին, որոնք միտված են Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Հարցին՝ արդյոք Իրանը պատրաստ է միանալ Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսության կարգավորման եռակողմ շփումներին, բանագնացը դրական է պատասխանել. «Այո՛, մենք նույնպես կմիանանք»։
Ջալալին նաև հույս է հայտնել, որ Իրանի մասնակցությունը գործընթացին տեղի կունենա նախքան երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջիկա հանդիպումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թեհրանը նույնպես կարող է միանալ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին, որոնց ներկայումս ներգրավված է նաև Մոսկվան։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին Իրանի հնարավոր մասնակցությունը բանակցություններին խելամիտ է անվանել։
Добавить комментарий