Опубликовано G.Avetisyan -
94653

Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ

Վրաստան տանող ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում շարունակում է փակ մնալ։ Հավաքվածներն այստեղ են գիշերել։

Գիշերը հանգիստ է անցել։ Քաղաքացիներն «Ազատության»-ը ասացին, որ ոստիկանական ուժերի կուտակումներ չեն նկատել, պարեկային ծառայության մի քանի մեքենա կա տարածքում։

Կանայք հիմա նախաճաշ են պատրաստում, սնվում են, թարմանում։

Նրանք երեկ շեշտում էին՝ ակցիաները շարունակական են լինելու։

Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված։ Ավելի վաղ գյուղացիներն ասել էին, որ իրենք Երևան չեն գալու և ակնկալում են, որ պաշտոնյաներն իրենք կժամանեն Տավուշ ու կպատասխանեն իրենց հարցերին։

Երեկ Կիրանցում էր «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը։ Նա փոխանցել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր կային։

Ուրբաթ երեկոյան հաղորդվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։

 

Добавить комментарий