Արևմուտքն անտեսում է Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհված հազարավոր մարդկանց. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հավաքական Արևմուտքը Սիրիայի նկատմամբ անմարդկային քաղաքականացված մոտեցում է ցուցաբերել՝ անտեսելով երկրաշարժից տուժած հազարավոր զոհերին և սարսափելի ավերածությունները։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում։
«Հավաքական Արևմուտքն անտեսեց այն փաստը, որ երկրաշարժն իր էպիկենտրոնով Թուրքիայում հանգեցրեց հազարավոր մարդկանց մահվան և սարսափելի ավերածությունների՝ անմիջապես Սիրիայում»,- նշել է նա։
Զախարովայի համոզմամբ՝ սա պարզապես քաղաքականացված մոտեցման դրսևորում չէ, որով առաջնորդվում է Արևմուտքն այդ երկրում տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացում: «Սա հրեշավոր բան է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց էպիկենտրոնը գտնվել է Մարաշ (Քահրամանմարաշ - խմբ.) նահանգում։ Ավերիչ երկրաշարժին հաջորդած հարյուրավոր հետցնցումները զգացվել են Թուրքիայի տասը նահանգում, ինչպես նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։
Ընդհանուր առմամբ երկու երկրներում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 22 հազարը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին տվյալներով՝ փետրվարի 10-ի դրությամբ Թուրքիայում առնվազն 18.991 մարդ է մահացել: Հայտնի է, որ Սիրիայում առնվազն 3377 մարդ է զոհվել։
Добавить комментарий