Աբդոլլահիանը Իրանի դեմ Իսրայելի հարձակման ժամանակ օգտագործված զենքերը համեմատել է խաղալիքների հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի օգտագործած զենքերը նման էին խաղալիքի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Իրանի գլխավոր դիվանագետն ասել է ամերիկյան «NBC News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշեր, հարված չէր։ Դրանք նման էին խաղալիքների, որոնցով խաղում են մեր երեխաները»,- ասել է նա։
Աբդոլլահիանը միևնույն ժամանակ հայտնել է, որ Իրանն առաջիկայում չի պատրաստվում Իսրայելի դեմ նոր գործողություններ իրականացնել․ «Քանի դեռ Իսրայելը նոր արկածախնդիր գործողություններ չի ձեռնարկել մեր շահերի դեմ, մենք չենք պատրաստվում որևէ նոր պատասխան գործողություններ ձեռնարկել»։
Իրանի արտգործնախարարը հավելել է նաև, որ իր երկիրն Իսրայելի գործողությունները չի կարող անպատասխան թողնել։
«Եթե Իսրայելը վճռական գործողություններ ձեռնարկի իմ երկրի դեմ, և դա ապացուցվի, ապա մեր պատասխանը կլինի անհապաղ և առավելագույն մակարդակով ու կստիպի նրանց զղջալ դրա համար»,- եզրափակել է Աբդոլլահիանը։
Добавить комментарий