Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Իրանցի պաշտոնյան միևնույն ժամանակ Երևանին և Բաքվին կոչ է արել շարունակել ջանքերը տարածաշրջանում կայունության հաստատման համար։
«Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակում սահմանային խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու Ադրբեջանի և Հայաստանի շարունակական ջանքերը մեծ նշանակություն ունեն Հարավային Կովկասում ամուր խաղաղության և կայունության հաստատման համար»,- շեշտել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կայացած՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպման ընթացքում կողմերը համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
Հրապարակած քարտեզից պարզ է դառնում, որ Ադրբեջանը կմոտենա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, դրա մի մասը Կիրանցի հատվածում կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:
Добавить комментарий