ՄԱԿ-ի օգնության առաջին ավտոշարասյունը հասել է Սիրիա. տեղացիների խոսքով՝ օգնությունն այս պահին վճռորոշ է
ՄԱԿ-ի առաջին շարասյունը, որն օգնություն է տեղափոխում օրեր առաջ մահացու երկրաշարժից տուժած սիրիացիների համար, հինգշաբթի հատել է Թուրքիայի սահմանը, հայտնել են ականատեսները և սահմանային անցակետի պաշտոնյաները:
Աղբյուրները նշել են, որ ավտոշարասյունը Սիրիա է մտել Բաբ ալ-Հավա անցակետով։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ երկու օրվա ընթացքում կբացեն այլ անցակետեր, եթե անվտանգությունն ապահով լինի:
Սիրիայում ՄԱԿ-ի բանագնացն ավելի վաղ ասել էր, որ «բացարձակապես ամեն ինչ» անհրաժեշտ է երկուշաբթի տեղի ունեցած ահռելի երկրաշարժից հետո, որն ավերել է Թուրքիայի հարավային և Սիրիայի հյուսիսային տարածքները:
Այն տեղի է ունեցել գիշերը, որին հաջորդել են հզոր հետցնցումներ։
ՄԱԿ-ը Բաբ ալ-Հավան նկարագրել է որպես փրկօղակ Սիրիայի ընդդիմության կողմից վերահսկվող տարածք մուտք գործելու համար, որտեղ, ըստ տվյալների, մոտ 4 միլիոն մարդ, որոնցից շատերը տեղահանվել են այնտեղ 12-ամյա հակամարտության պատճառով, երկրաշարժից առաջ արդեն իսկ զգում էին մարդասիրական օգնության կարիքը:
«Մեզ անհրաժեշտ է փրկարար օգնություն»,- Ժնևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի բանագնաց Գեյր Պեդերսենը:
Նա կոչ է արել հավաստիացնել, որ Սիրիայում, որտեղ օգնությունն առավել անհրաժեշտ է, դրա համար քաղաքական խոչընդոտներ չեն լինի:
«Մենք խնդիր ունեինք, քանի որ ավերվել էին դեպի սահմանային անցակետ (Թուրքիայի և Սիրիայի միջև) տանող ճանապարհները,- ասել է Պեդերսենը։- Բայց մեզ վստահեցրին, որ արդեն կկարողանանք առաջին օգնությունը հասցնել»:
Ըստ փրկարարների՝ ՄԱԿ-ի ջանքերն անբավարար են, և ամենաշատն անհրաժեշտ է ծանր տեխնիկա որոնողափրկարարական գործողությունների համար, քանի որ ենթադրվում է, որ շատ մարդիկ դեռ գտնվում են բեկորների տակ:
«ՄԱԿ-ը չի տրամադրում այն օգնությունը, որը մեզ ամենաշատն է պետք, որպեսզի օգնի մեզ փրկել կյանքեր, քանի որ ժամանակը սպառվում է»,- «Reuters»-ին ասել է Ռաեդ ալ-Սալեհը, որը գլխավորում է «Սպիտակ սաղավարտներ» փրկարարական գլխավոր կամավորական խումբը:
Добавить комментарий