Ալիևը կրկին վստահեցրել է՝ Երևանը և Բաքուն միջնորդների կարիք չունեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «Minval» լրատվականը։
Ալիևը շեշտել է, որ ներկայումս երկու երկրների միջև մեկնարկել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այդ ամենը տեղի է ունենում հենց տվյալ պահին։
«Սահմանների սահմանազատումը սկսվել է, նույնիսկ սահմանագծման աշխատանքներ են տարվում։ Եվ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ իմ ելույթի ժամանակ։ Մեր երկու երկրներին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, ովքեր հետապնդում են իրենց նպատակները, չեն ցանկանում օգնել, այլ ցանկանում են միջամտել մեր տարածաշրջանի գործերին՝ իրենց քաղաքական և տնտեսական նպատակներին հասնելու համար։ Ուղղակի նորից ուզում են կրակի վրա յուղ լցնել: Մենք թույլ չենք տա Հարավային Կովկասում հերթական հակամարտության բռնկումը»,- նշել է նա։
Ալիևը հավելել է, որ Բաքուն և Երևանը երեսուն տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում։
«Իսկ նման խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման միջոցով»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։
Добавить комментарий