Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանահայ պատգամավորը պնդում է՝ Իսրայելի կործանումը մոտ է

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսում Թեհրանի և հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանը հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը փորձում է Երուսաղեմի հայերին սպառնալիքների միջոցով ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից, որպեսզի Պաղեստինում իր կատարած ոճրագործություններին զուգահեռ տիրանա նաև նրանց հողերին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Շահվերդյանը շեշտել է, որ այս ամենի արդյունքում ազատախոհներն արթնանում են, և ինչպես Իրանի գերագույն առաջնորդն է ասում, սիոնիստական ռեժիմի կործանման հետհաշվարկը սկսվել է, այդ օրը հեռու չէ։

Անդրադառնալով արևմտյան երկրներում մեկնարկած` Պաղեստինում Իսրայելի ոճրագործությունների դեմ բողոքի շարժմանը՝ իրանահայ պատգամավորն ասել է, որ իրանցի համալսարանականների բողոքը տեղին է։ Նրա խոսքով՝ վերջիններս բողոքում են տարածաշրջանում իրենց կառավարությունների միջամտության և օկուպանտ ռեժիմին աջակցության դեմ։

«Սակայն արևմտյան կառավարությունները չեն հանդուրժում բողոքի ցույցերը, չնայած որ իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպան»,- նշել է նա։

Արա Շահվերդյանը հավելել է, որ արևմտյան երկրները, ելնելով սեփական շահերից, ռազմական աջակցություն են ցուցաբերում Իսրայելին և օրինականացնում Պաղեստինում ռեժիմի ոճրագործությունները։ 

«Այսօր ամբողջ աշխարհում` արևելքից արևմուտք, ազատախոհները բողոքում են Իսրայելի կատարած հանցագործությունների դեմ»,- եզրափակել է նա։

Добавить комментарий