Опубликовано G.Avetisyan -
վ

Սահմանազատված հատվածներում ծառայություն իրականացնելու է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը. Փաշինյան

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է՝ իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանի պահպանությունը: 

Հարցազրուցավարի այն հարցին, որ ընդդիմությունը նշում է՝ կառավարության պատրաստած քարտեզից ենթադրելի է, որ Կիրանցի հատվածում սահմանազատվող տարածքից հայկական դիրքի հետքաշմանը զուգահեռ պետք է տեղի ունենա նաև մեր ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական մեկ դիրքի հետքաշում, կա՞ նման պայմանավորվածություն, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Նախ եկեք արձանագրենք՝ մենք ասում ենք մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, որ մենք ասում ենք՝ պետք է վերարտադրել սահմանը: Վերարտադրել նշանակում է՝ գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանն արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա: 

Հիմա, օրինակ՝ երկու հաղորդագրություն է եղել, որ մենք արդեն սահմանային սյուներ ենք տեղադրել, այդ քարտեզի վրա մենք իմացել ենք որտեղ է այդ սահմանային սյունը և քարտեզի վրա մենք պատկերացում ենք ունեցել, թե մոտավորապես որտեղ է այդ սահմանային սյունը: Միևնույն է, երբ գնում ենք տեղում չափումներ անելու այդ GPS կոչված սարքի միջոցով, որը կոորդինատն է տեղորոշում գետնի վրա, միշտ էլ լինում են շեղումներ: Ընդ որում, տեսեք, մենք նաև քարտեզի վրա ենթադրենք շատ բարակ գիծ ունենք ճիշտ է՞ և մենք քարտեզի վրա տեսնում ենք գիծ, բայց քարտեզի մասշտաբից կախված այս գիծը գետնի վրա ունի լայնություն: Քարտեզի մասշտաբից կախված այս գիծը կարող է լինել 40 մետր լայն, այս գիծը կարող է լինել 15 մետր լայն և այսպես շարունակ: 

Սա ես ուզում եմ ասել տեղանքի հարցում կողմնորոշվելու մեթոդաբանության առումով: Ինչ վերաբերվում է սահմանազատված հատվածներին, ես կրկին ուզում եմ ասել, որ սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է՝ իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանի պահպանությունը: 

Այսինքն այդ հատվածում սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենա: Ի՞նչ նկատի ունեմ, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ և այդ դիրքը դուրս է գալիս, որովհետև Պաշտպանության նախարարությունն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու, ծառայություն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը»: 

 

Добавить комментарий