Опубликовано D.Guyumjyan -
դետք

Պենտագոնը պնդում է՝ Ռուսաստանը չի ծրագրում միջուկային զենք կիրառել

Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի տեսնում որևէ նշան առ այն, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Հաղորդվում է, որ ամերիկացի պաշտոնյան նման կերպ մեկնաբանել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով ՌԴ գլխավոր շտաբի ծրագրած զորավարժությունները։

«Մենք պատճառ չենք տեսնում մեր միջուկային ուժերի տեղակայումը կարգավորելու համար: Մենք որևէ նշան չենք տեսել, որ Ռուսաստանը ծրագրում է միջուկային զենք կիրառել»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Սինգհը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառումը փորձարկելու զորավարժություններ անցկացնելու որոշումը համարում է միանգամայն անպատասխանատու:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբը, նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, սկսել է առաջիկայում Հարավային ռազմական օկրուգի և ռազմածովային ուժերի հրթիռային կազմավորումների զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։

Զորավարժությունները, որոնց ընթացքում նախատեսվում է, ի թիվս այլնի, մշակել ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման հարցեր, կանցկացվեն՝ ի պատասխան արևմտյան պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների։

Добавить комментарий