414

Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն. ԱԺ պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ Տավուշի մարզի Կիրանց և Ոսկեպար բնակավայրերի բնակիչները Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում ընթացող սահմանազատման գործընթացի փաստացի արդյունքներից դժգոհ չեն:   

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Թունյանն ասաց. «Այսօր հավաք է հրավիրված, ավելի պարզ կլինի՝ եթե առաջ է քաշվում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգևորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, դա ոչ այլ ինչ է, քան ուղիղ քաղաքականություն»:

Անդրադառնալով շարժման կողմից սահմանազատման գործընթացը կասեցնելու պահանջին՝ պատգամավորն ասաց. «Շարժումը սկսվեց Կիրանցից: Հիմնական խնդիրը կապված էր Կիրանցին և Ոսկեպարին հարող տարածքների հետ: Այսօր տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի փաստացի արդյունքներից այս պահին դժգոհ չեն, ավելին՝ ասում են, որ այս պահին իրենց ակնկալիքներից ավելին են ստացել իրականում: Մենք հիմա հիշո՞ւմ ենք, թե ինչից է սկսվել այդ պայքարը և որքանո՞վ է շարժման ի սկզբանե հայտարարված նպատակը դեռևս արդիական»,-ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ սահմանազատման գործընթացն արվում է առաջին հերթին ՀՀ անվտանգությունն ամրապնդելու համար: Ըստ նրա՝ եթե մարդիկ այդ տարբերակներին դեմ են, պետք է այլընտրանքային հստակ տարբերակներ առաջարկեն:  

 

Добавить комментарий