Опубликовано G.Avetisyan -
8354

Բագրատ Սրբազանի առաջարկած շուրջ երկու տասնյակ հայեցակարգային կետերի հիմքում ընկած է բարոյական բաղադրիչը

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Բագրատ Սրբազանը փաստացի խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին:

Դրա մասին են վկայում նրա կողմից հնչեցված  շուրջ երկու տասնյակ հայեցակարգային կետերը: Բոլորի հիմքում ընկած է բարոյական բաղադրիչը (տնտեսությունից ու արտաքին հարաբերություններից մինչև ընտանիքի ինստիտուտի սահմանում), որն, իր հերթին, խարսխված է քրիստոնեական արժեհամակարգի վրա:

Դրա մասին է վկայում նաև այն առանցքային հայտարարությունը, համաձայն որի վարչապետի թեկնածուն չպետք է լինի որևէ կուսակցության կամ քաղաքական շահ հետապնդող խմբի ներկայացուցիչ:

«Նախկին-ներկա» անհեթեթ, բայց արմատացած դիսկուրսի հիմքերը խարխլելուց բացի, քաղաքագիտական իմաստով այդ հայտարարությունը Սրբազանի ելույթի համատեքստում ուղղված է քաղաքական համակարգի ապասեկուլյարիզացմանը, դրանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի բարձրացմանը:

Ակնհայտ է, որ ստեղծված համազգային խորը ընկճախտից դուրս գալու համար մեզ այս պատմական փուլում ոչ այնքան տեխնոկրատներ ու ճգնաժամային մենեջերներն են պետք, որքան իդեոկրատներ: Իսկ ժամանակակից Հայաստանում միակ լեգիտիմ ինստիտուտը, որը կարող է իդեոկրատ մոտեցում առաջարկել, Սուրբ Եկեղեցին է:

Սա, իհարկե, ընդամենը հիփոթեզ է, սակայն, ինչպես Էյնշտեյնն էր ասում, խնդիրը լուծելու համար նախ պետք դուրս գալ այդ խնդրի սահմաններից: Տվյալ դեպքում առանցքային խնդիրը կայանում է  առկա քաղաքական համակարգի ու արմատացած քաղաքական մշակույթի մեջ:  Հենց դրանք է փորձում կոտրել Բագրատ Սրբազանը՝ առաջարկելով լիովին նոր քաղաքական  մտածողություն ու, հնարավոր է, կառավարման ձև»:

 

 

Добавить комментарий