Սպառազինությունների մրցավազքը չի նպաստում ոչ մեկի շահերին․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ իրենց հաջողվել է անցնել իրանա-արաբական երկխոսության փուլը, ապա նշել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի ծառայում որևէ մեկի շահերին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Մենք անցել ենք իրանա-արաբական երկխոսության փուլը և մտել ենք տարածաշրջանային երկխոսության մեջ։ Ավելին՝ մենք գտնվում ենք տարածաշրջանային համագործակցության փուլում»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանը վճռական է տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնման խորացման հարցում։
Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է նաև, որ տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր է ձեռք բերել միայն տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։
«Տարածաշրջանի մի հատվածում անվտանգության բացակայությունը հանգեցնում է ամբողջ տարածաշրջանի անապահովության։ Մենք պետք է հանգենք այն եզրակացության, որ մեր տարածաշրջանը զենքի պահեստի վերածելը անվտանգություն չի բերի երկրներից ոչ մեկին և ողջ տարածաշրջանին»,- եզրափակել է նա։
Добавить комментарий