Ձերբակալվել են «Ազատազէն» ԿՀԿ համահիմնադիր Իշխան Գևորգյանը և ևս չորս մարտական ընկերներ
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը 72 ժամով ձերբակալել է «Ազատազէն» ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 մարտական ընկերների՝ Հրաչյա Թովմասյանին, Գարրի Ավագյանին, Անդրանիկ Եղոյանին և Հայկ Մեսրոպյանին։ Ձերբակալել են ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով:
«Մենք՝ հատկապես Իշխանը, մարդիկ ենք, որոնք օր ու գիշեր զբաղվում ենք օրինական զենքի մշակույթի տարածմամբ, մեր ամբողջ ջանքը դնում ենք դրան համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, օրենքները կարգավորելու մեջ, և այդ մասին բոլորը գիտեն։ Մեր խոստումն է ինքներս մեզ, որ մեր գիտելիքով և զենքերով ներքին հարցեր չենք լուծելու: Այդ խոստումը միշտ պահել ենք և պահում ենք»,- նշում է «Ազատազէն» ԿՀԿ գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը:
«Ազատազէն» ԿՀԿ-ն ձեռնարկելու է օրինական բոլոր միջոցները Իշխան Գևորգյանի և մյուս ընկերների իրավունքները պաշտպանելու համար։
Իշխան Գևորգյանի և մյուս մարտական ընկերների խախտված իրավունքի պաշտպանությունը ստանձնել են «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի կորպորատիվ իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան Տարոն Բաղդասարյանը և գործընկեր Վարազդատ Հարությունյանը։
Добавить комментарий