Իրանը Հնդկաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Իրանը Հնդկաստանը դիտարկում է որպես հուսալի գործընկեր և վերջինիս հետ պահպանում է ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված երկարաժամկետ համագործակցության վրա: Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Թեհրանում Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ հանդիպմանը։
Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է՝ Հնդկաստանի հետ փոխգործակցության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում: «Պատրաստ ենք երկկողմ և բազմակողմ հիմունքներով զարգացնել համագործակցությունը Հնդկաստանի հետ, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում»,- ասել է նա։
Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանը մտադիր է երկարաժամկետ համագործակցել Հնդկաստանի հետ՝ որպես հուսալի գործընկերոջ, ապա հիշատակել Չաբահարի նավահանգստի զարգացման համաձայնագիրը, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» միջանցքում ավելի սերտ համագործակցությունը՝ որպես առևտրային կապերի ընդլայնման հիանալի հնարավորություններ։
Հնդիկ նախարարն իր հերթին նշել է, որ Չաբահարի շահագործման և սարքավորման պայմանագրի կնքումը երկու երկրների հարաբերություններում և նրանց տարածաշրջանային կապերում պատմական պահ է նշանավորել։ Ըստ նրա՝ ակնկալվում է, որ համաձայնագիրը կխթանի Հնդկաստանի և Իրանի միջև առևտուրը, կամրապնդի նրանց համագործակցությունն ու հնարավորություն կտա Հնդկաստանին ավելի ակտիվ դեր խաղալու համաշխարհային մատակարարման շղթայում և ծովային ոլորտում:
Նշվում է, որ հնդիկ նախարարն այցելել է Իրան՝ ստորագրելու Իրանի հարավարևելյան նավահանգստային Չաբահար քաղաքի զարգացման ուղենշային համաձայնագիրը:
Добавить комментарий