
Իրանի ԱԳ նախկին նախարարը ավիավթարի համար մեղադրել է ԱՄՆ-ին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման համար մեղադրել է նաև Միացյալ Նահանգներին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Զարիֆի համոզմամբ՝ ավիացիոն մասերի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն են դարձել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ պատժամիջոցները խոչընդոտում են Իրանի հասանելիությունը ժամանակակից ավիացիոն մասերին։
Իրանի նախկին արտգործնախարարը այս հայտարարությամբ ԱՄՆ-ին ներգրավել է կիրակի Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավիաաղետի մեջ, որի հետևանքով զոհվել են Էբրահիմ Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:
«Երեկվա (նկատի ունի մայիսի 19-ին - խմբ.) ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է, քանի որ նրա պատժամիջոցների պատճառով Իրանին արգելված է ձեռք բերել ավիացիոն հիմնական մասերը»,- հայտարարել է նա։
Նշենք, որ Իրանի նախագահական «Bell 212» ուղղաթիռը Վիետնամի պատերազմի ժամանակաշրջանի «UH-1N Twin Huey»-ի քաղաքացիական ադապտացիան է, որը մայիսի 19-ին վթարի է ենթարկվել թանձր մառախուղի մեջ։
Добавить комментарий