Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Կլոդ Վիզլեր
Լյուքսեմբուրգն ընդգրկված է Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում, որը ցույց է տալիս երկրի հանձնառությունը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար։ Այս մասին, այսօր ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը՝ նշելով, որ Լյուքսեմբուրգը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունը։
«Կարծում եմ, որ այս այցը կամրապնդի հարաբերությունները մեր երկրների միջև և ապագայում կհանգեցնի ավելի սերտ համագործակցությունների: Ցանկանում եմ ասել, որ Հայաստանը մեր ամբողջական աջակցությունն ունի իր ժողովրդավարության անցման ճանապարհին։ Մենք նաև ողջունում ենք Հռոմի ստատուտի վավերացումը»,- ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը։
Վիզլերը տեղեկացրեց, որ Լյուսեմբուրգի խորհրդարանը Հայաստանին վերաբերվող բոլոր բանաձևերը և որոշումները միաձայն է ընդունել։
«Մենք կշարունակենք մեր ներգրավվածությունը ԵՄ քաղաքացիական առաքելությունում, որը մեզ համար կարևոր է։ Անհրաժեշտության դեպքում մենք նաև կուժեղացնենք առաքելությունը և կաջակցենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման հարցում։ Մենք նաև Հայաստան-ԵՄ նոր ծրագրի շուրջ ենք աշխատում, Լյուքսեմբուրգը Բրյուսելում փորձում է առաջ տանել այն։ Մենք հստակ հռչակում ենք, որ ռազմագերիների ազատ արձակումը նախապայմաններ են խաղաղ բանակցությունների համար։ Սա հստակ է մեզ համար և Լյուքսեմբուրգի խորհրդարանը համակարծիք է այս հարցում»,- եզրափակեց Վիզլերը։
Добавить комментарий