Ինչո՞ւ երկու տարի առաջ թշնամու գրաված հողերի մասին չեք խոսում, հանկարծ 90-ականների հողերի մասին եք խոսում. Սրբազան
Սփյուռքի բոլոր համայնքներում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ մեծ արձագանք կա։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին՝ հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ, նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, հաղորդում է «News.am»-ը:
«Սա ինչ-որ խմբի շարժում չէ։ Սա մեր անգույն՝ բոլոր գույներով շարժումն է։ Սա տարիներով ծրագրված շարժում չէ, այլ ծնվել է պահի անհրաժեշտությամբ։ Այդ պահը Արցախի հանձնումից հետո եկել, պատել է ՀՀ-ին՝ կտոր-կտոր մեր հայրենիքի անվտանգությունը փշրելով։ Մենք ասել ենք՝ խնդիրը սահմանափակ իմաստով Տավուշի մեջ է, բայց լուծումը հայության ձեռքերում է։
Միակողմանի զիջումներ են կատարում, այն էլ՝ թշնամի երկրի սպառնալիքի ներքո։ Մենք չենք ասում՝ սահմանազատում չլինի։ Թող օրենքով ու կարգով լինի։ Ինչո՞ւ երկու տարի առաջ թշնամու գրաված հողերի մասին չեք խոսում, հանկարծ 90-ականների հողերի մասին եք խոսում»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հայրենադարձներին, որոնք փորձում են իրենց ներգրավվածությունն ունենալ ՀՀ-ի կյանքում:
Սրբազանն անդրադարձավ նաև տարբեր երկրներում հայկական համայնքներում տիրող իրավիճակին. «Մենք հիմա գնում ենք այս շենքի դիմաց, այն դեսպանատան դիմաց ակցիաներ ենք անում, հանդիպումներ ենք ունենում մեծ ու փոքր տարբեր մարդկանց հետ. Կանադայի խորհրդարանում ինձ ասել են՝ լավ, մեզ մեղադրում եք, մենք կեղծավորություն ենք անում, բա ձեր կառավարությունն ինչո՞ւ է այդպես գործում:
Այն ազգերը, որոնց մեջ ապրել ենք, ապրում ենք, ի՞նչ խղճով ենք նրանց հետ հարաբերվում, խնդրողի դերում ենք հայտնվել: Մինչդեռ ժամանակին կարծես իրենց թելադրողի դերում լինեինք: Դա շատ մեծ վնաս, վտանգ է հայ ժողովրդի այն զանգվածների համար, որոնք ապրում են այլ միջավայրերում: Նրանք հիմա մոլորված վիճակում են, անընդհատ մեզ հարցնում են՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ պետք է անենք: Պետություն ու հայրենիք ունենալու երազը խլված է մեզնից: Այս շարժման ծրագիրն է, որ այդ երազը վերադառնա, իղձերը վերադառնան: Մենք սովորական ժողովրդի կարգավիճակից դառնանք հատուկ մարդիկ, իղձերով մարդիկ: Դա կարող է իրականացնել այդպիսի արժանապատվություն ունեցող պետությունը»,- նշեց նա:
Добавить комментарий