Պուտինը հայտնել է Ռայիսիի մահվանից հետո Իրանից իր ակնկալիքների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո Իրանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չի ակնկալում և հույս ունի, որ Մոսկվայի նկատմամբ Թեհրանի քաղաքականությունը չի փոխվի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական «Интерфакс» լրատվական գործակալությունը։
«Ինչ վերաբերում է Իրանի արտաքին քաղաքականությանը, դա հենց Իրանի ինքնիշխան որոշումն է։ Իրանը տարածաշրջանային մեծ տերություն է և կարևոր դեր է խաղում համաշխարհային գործերում:
Սակայն, իմ կարծիքով, քիչ հավանական է, որ այս ողբերգությունից հետո մենք որևէ փոփոխության հանդիպենք Իրանի ղեկավարության արտաքին քաղաքականության մեջ»,- ռուս-բելառուսական բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը շեշտել է, որ իրանական պետականության հիմնարար հիմքերը բավականին կայուն են և հուսալի։
«Մենք Իրանի հետ՝ որպես պետության, Իրանի ժողովրդի և Իրանի ղեկավարության հետ հիանալի հարաբերություններ ենք զարգացրել։ Ես անձամբ այստեղ հնարավոր լուրջ փոփոխություններ չեմ տեսնում։ Բայց, իհարկե, հուսով եմ, որ իրանական քաղաքականության հաջորդականությունը ռուսական ուղղությամբ և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ կպահպանվի»,- եզրափակել է նա։
Добавить комментарий