Թեհրանի փողոցներն անվանակոչվել են ի պատիվ Ռայիսիի և Աբդոլլահիանի
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում երկու փողոց է վերանվանվել՝ ի պատիվ ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Թեհրանի քաղաքային խորհրդի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Նարգես Մադանիպուրը հայտարարել է, որ Ռայիսին և Աբդոլլահիանը միշտ կմնան իրանցի ժողովրդի հուշերում։
«Թեհրանի 15-րդ շրջանում Բեեսատ ավտոմայրուղին Բասիջ հրապարակի հետ հատման կետից մինչև Բահման հրապարակ անվանվել է ի պատիվ նահատակ այաթոլա Ռայիսիի։ Պաստորի փողոցի արևելյան մասը ևս անվանվել է զոհված նախագահի անունով»,- ասել է նա։
Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Քուշկ փողոցը վերանվանվել է ի պատիվ արտաքին գործերի նախարար, նահատակ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի։ Հենց այս փողոցում է գտնվում Իրանի արտաքին գործերի նախարարության շենքը։
Բացի դրանից՝ օրեր առաջ Սպահան քաղաքում գտնվող Իրանի ուրանի վերամշակման միջուկային կենտրոնում հայտնել էին, որ կենտրոնը կրելու է զոհված նախագահի անունը։
Добавить комментарий