Իրանն առաջին անգամ Ռուսաստանին նորագույն ավիառումբեր է մատակարարել․ «Bild»
Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին անգամ Ռուսաստանին է փոխանցել նորագույն կառավարվող ավիառումբեր՝ Ուկրաինային հարվածելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է գերմանական «Bild» պարբերականը՝ հղում անելով ռազմական վերլուծաբան Յուլիան Ռյոպկեին։
Ռյոպկեն վերլուծել է մայիսի 25-ին Կուրսկի շրջանում իրանական «Mohajer-6» ԱԹՍ-ի կործանման վայրից տեսանյութը և նշել, որ անօդաչուն կրել է իրանական «Qaem-5» նորագույն կառավարվող ռումբերը: Ենթադրաբար, ԱԹՍ-ն պետք է հարձակվեր Սումիի շրջանի վրա, սակայն անհայտ պատճառներով այն չի հասել նպատակակետին և ընկել է։
BBC-ի ռուսական ծառայությունն էլ նշում է, որ Կուրսկի շրջանում ընկած անօդաչու թռչող սարքի թևի տակ գտնվող զինամթերքը շատ նման է «Qaem-5» փոքր տրամագծով կառավարվող ռումբին, որով կարող են համալրվել իրանական ծանր անօդաչու սարքերը՝ «Mohajer-6»-ը և «Hamaseh»-ն։
Իրանցի ռազմական ինժեներների մշակած «Qaem»-5 ռումբը, որն Իրանի զինանոցը համալրել է 2019 թվականին, ունի հեռուստատեսային կառավարում և կարող է համալրվել տարբեր տեսակի մարտագլխիկներով։ Զինամթերքի թռիչքի հեռահարությունը մինչև 40 կմ է։
Նշվում է, որ ռուսական զորքերը սկսել են օգտագործել «Mohajer-6» անօդաչու սարքերը Ուկրաինայի պատերազմում 2022 թվականի օգոստոսին, բայց առանց զենքի։
Ռյոպկեն հավելել է, որ ռուսական բանակի կողմից «Qaem»-5 ռումբերի օգտագործումը կարող է վկայել Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության նոր մակարդակի մասին։
Добавить комментарий