Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում
«Շարունակել ենք Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը, մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում ունենք, և ակնհայտորեն արդեն ժամանակն է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ»,- այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է «Լուրերը»:
«Այստեղ ևս մեր առաջնային ջանքերը և նպատակներն ուղղված են եղել մեր անմիջական հարևանությանն ու հարաբերությունների զարգացմանը»,- նշել է նա՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, ապա ընդգծել, որ Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները կարողացել են խորացնել:
Միրզոյանն ընդգծել է՝ Իրանի հետ հարաբերություններում, առաջին հերթին տնտեսական ուղղությամբ, էական ձեռքբերումներ են ունեցել, գործուն քայլեր կատարել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները թերևս ամենաթափանցիկն են: Ըստ էության, հանրությունը և դուք ամենայն մանրամասնությամբ տեղյակ եք գործընթացներին»,- նշել է նախարարը:
Ինչ վերաբերում է եվրոպական առանձին երկրների հետ հարաբերություններին, ըստ Միրզոյանի՝ նշանակալի ակտիվացում կա․ նախարարը հիշատակել է Մեծ Բրիտանիա այցը և ռազմավարական երկխոսության մեկնարկը ՄԹ-ի հետ:
Մյուս ակտիվ ուղղությունների թվում ԱԳՆ ղեկավարը հիշատակել է Մերձավոր Արևելքը, շատ չմանրամասնելով՝ հիշեցրել, որ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Սաուդյան Արաբիայի, Բոտսվանայի, Տրինիդադ և Տոբագոյի հետ:
Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին անդրադառնալիս նախարարն ասել է, որ չի դադարի կրկնել՝ սա մի ջանք էր և նպատակ, որի շուրջ հայ դիվանագիտությունը տասնամյակներով աշխատանք է տարել, և վերջնարդյունք չի եղել:
2023-ին Հայաստանը շատ ակտիվորեն շարունակել է և զարգացրել հարաբերությունները Հնդկաստանի, Չինաստանի հետ:
Ինչ վերաբերում է բազմակողմ ձևաչափին, ԱԳ ղեկավարը նկատել է՝ ակտիվ ներգրավվածություն են պահել միջազգային մի շարք հարթակներում՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ, ՅՈՒՆԵՍԿՕ:
«Շատ կարևոր է, որ 2023-ին Հայաստանը հաղթել է բոլոր այն հինգ ընտրություններում, որտեղ իր թեկնածությունն առաջադրել է»,- հայտնել է նախարարը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Միրզոյանը հայտնել է՝ Հայաստանն ըստ էության սառեցրել է իր մասնակցությունը․ «Նոր զարգացումներ այստեղ, մեծ հաշվով, չկան 2023 թվականի մասով»:
2023-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունեցել է 182 պետության հետ:
Ինչ վերաբերում է 2024-ի անելիքներին, նախարարը հիշեցրել է, որ արդեն ընդունվել են Կառավարության որոշումները Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու, Կիպրոսում դեսպանություն հիմնելու և Սերբիայում դիվանագիտական գրասենյակ բացելու վերաբերյալ:
Добавить комментарий