Իրանում նախագահի թեկնածուների գրանցման գործընթացն ավարտվել է
Իրանի Իսլամական Հանրապետությունում երեկ երեկոյան ավարտվել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարելու համար դիմել է շուրջ 81 թեկնածու, ընդ որում՝ նրանցից 43-ը՝ միայն վերջին օրը։ Գրանցման վերջին օրը իրենց թեկնածությունն են առաջադրել Իրանի խորհրդարանի նախագահ, պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ներքին գործերի նախկին նախարար, պահպանողական Մուստաֆա Փուրմոհամմադին, նախկին փոխնախագահ, բարեփոխական Էսհաղ Ջահանգիրին, Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար, պահպանողական Մեհրդադ Բազրփաշը և այլ թեկնածուներ։
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը թեկնածուներին հաստատելու է 5 օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 5 օրով։
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը մայիսի 19-ին վայրէջք կատարելիս կործանվել էր Արևելյան Ատրպատական նահանգում, որի հետևանքով վերջինս և նրան ուղեկցող բարձրաստիճան մյուս պաշտոնյաները զոհվել էին։ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 28-ին։
Добавить комментарий