ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել Հունաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության պայմանագրին
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի նախագծին։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Աթենք կատարած այցի ընթացքում 2023 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի վավերացման նախագիծը հանձնաժողովում ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել 2 երկրի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցությունը․ «Համաձայնագրով սահմանված են համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կարգավորվում է մասնագետների պատրաստման գործընթացը»:
«Ուղղությունները կլինեն զենքի և ռազմամթերքի արտադրության տեխնոլոգիաների փոխանակումը և տեխնիկական աջակցությունը, ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ռազմատեխնիկական ոլորտում մասնագիտական կրթության, վերապատրաստման և որակավորման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման ծառայությունների մատուցումը»,- նշել է Սարգսյանը։
Добавить комментарий