Опубликовано detq-editor -
Վաշինգտոնը դիտարկում է իրանական առգրավված զենքն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը. «The Wall Street Journal»

Վաշինգտոնը դիտարկում է իրանական առգրավված զենքն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը. «The Wall Street Journal»

«The Wall Street Journal» պարբերականը, վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրները, գրում է, որ Վաշինգտոնը դիտարկում է իրանական առգրավված զենքն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ Խոսքը ավելի քան 5 հազար ինքնաձիգների, մեկուկես միլիոն փամփուշտների, զենիթային հրթիռներում օգտագործվող 7 հազար ռադիոպայթուցիկների, փոքր քանակի հակատանկային հրթիռների և այլ զինամթերքի մասին է։

Աղբյուրը նշում է, որ զենքն ու զինամթերքը նախատեսված է եղել Եմենի ապստամբների համար, այն բռնագրավվել է մատակարարման ճանապարհին։

Սակայն զենքն Ուկրաինային տրամադրելու արգելք կա, որը կապված է Եմենին զենքի վաճառքի ՄԱԿ-ի էմբարգոյի հետ։ Այն նաև պահանջում է ոչնչացնել առգրավված զենքը։ Իրավաբանները Սպիտակ տանն առաջարկում են օգտագործել այլ օրենքներ՝ կապված անօրինական գործունեության միջոցների առգրավումների տնօրինման հետ, սակայն դրա համար Կոնգրեսի հատուկ որոշում կամ նախագահի հրամանագիր է անհրաժեշտ։

Հիշեցնենք, որ Եմենում ավելի քան 8 տարի շարունակվում է զինված հակամարտությունը հութիների և միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի միջև։ Սաուդյան Արաբիան աջակցում է Եմենի կառավարությանը, իսկ Իրանը՝ հութիներին, որոնք ստացվող զենքի օգնությամբ կարողանում են շարունակել հակամարտությունը։ Թեհրանը, սակայն, պնդում է, որ հութիներին զենք չի մատակարարում։

Добавить комментарий