Опубликовано D.Guyumjyan -
դետք

Չինաստանը պաշտպանում է Իրանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ իր երկիրը՝ որպես բարեկամ, աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին չինացի պաշտոնյան ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ հանդիպումը կայացել է Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի շրջանակում։

Չինաստանի արտաքին գործերի նախարարը իրանցի պաշտոնակցին ցավակցել է Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ։

«Կցանկանայի, որ Իրանում կայանալիք նախագահական ընտրությունները հարթ անցնեն»,- ասել է Վան Ին։

Ալի Բաղերի Քանին իր հերթին շեշտել է, որ Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունները խոր արմատներ ունեն և բոլոր ոլորտներում բարելավման ճանապարհին են։ Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակում կարևոր է կառուցել ավելի արդար աշխարհ, որտեղ անկախ երկրները կարող են պատասխանատվություն ստանձնել իրենց հնարավորությունների չափով։ 

«Բազմակողմանիությունը՝ Իրանի և Չինաստանի գլխավորությամբ, ունի հստակ և կոնկրետ տարբերակներ՝ լուծելու գլոբալ խնդիրներն ու երկընտրանքները, մինչդեռ միակողմանիությունը ոչ միայն փակուղի է մտցրել աշխարհը, այլև ի վիճակի չէ նույնիսկ սեփական խնդիրները լուծելու»,- ասել է նա։

Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն հավելել է՝ Իրանը Չինաստանի հետ համագործակցության հորիզոնը համարում է լուսավոր, խոստումնալից և հաջողակ։

 

Добавить комментарий