Չկա ոչ մի ապացույց, որ ԱՄՆ-ն ձգտում է Գազայում հրադադար հաստատել․ Նասեր Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի իրագործած ոճրագործությունների 8 ամիսների ընթացում ԱՄՆ-ն շարունակում է սիոնիստական ռեժիմին լիարժեք աջակցություն ցուցաբերել, և չկա ոչ մի ապացույց, որ վերջինս ձգտում է Գազայում հրադադար հաստատել։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Ես ևս մեկ անգամ դատապարտում եմ Գազայում սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ողբալի ոճրագործությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ զոհվել և վիրավորվել են: Մեկ այլ ցավալի փաստ․ բազմաթիվ զեկույցներ վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ու հետախուզական ուժերը նույնպես դեր են խաղացել այդ գործում»,- ասել է նա։
Քանաանին խստորեն դատապարտել է սիոնիստական ռեժիմի իրագործած «վերջին բարբարոսական գործողությունը»՝ միջազգային հանրությանը կոչ անելով կատարել իր իրավական ու մարդասիրական պարտականությունները և անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ ռեժիմին կանգնեցնելու համար։ «Եթե նրանք անկեղծորեն ձգտում են հրադադարի, ապա պետք է հրաժարվեն սիոնիստական ռեժիմին զենք ուղարկելուց»,- ընդգծել է Քանաանին՝ վերահաստատելով, որ ԱՄՆ-ն չի ձգտում հրադադարի։
Իրանցի պաշտոնյան հավելել է՝ Իսրայելի ռազմական կառավարության, զինվորականների և անվտանգության անձնակազմի հրաժարականները վկայում են այդ ռեժիմի փլուզման և վերջինիս նպատակների լիակատար ձախողման մասին։
Добавить комментарий