ԱՄՆ-ն և Ուկրաինան 10 տարի ժամկետով անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 13-ին Իտալիայում կայացած «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում անվտանգության 10-ամյա երկկողմ համաձայնագիր են ստորագրել, որի նպատակն է ուժեղացնել ռուսական ուժերից Ուկրաինայի պաշտպանությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ համաձայնագիրը պետք է քայլ լինի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ։ «Կողմերը ճանաչում են այս համաձայնագիրը` որպես ՆԱՏՕ-ի դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կամուրջ»,- ասվում է փաստաթղթում։
Ուկրաինայի դեմ զինված հարձակման կամ սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն 24 ժամվա ընթացքում՝ քննարկելու համար պատասխան միջոցառումները և պարզելու՝ Ուկրաինային ինչ լրացուցիչ պաշտպանության կարիքներ են անհրաժեշտ: Ըստ համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները Ուկրաինայի արևելյան ճակատում ռուսական նոր առաջխաղացման պայմաններում վերահաստատում է իր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
«Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար երկու կողմն էլ գիտակցում է, որ Ուկրաինային անհրաժեշտ են զգալի ռազմական ուժեր, հզոր ներուժ և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) չափանիշներին համապատասխանող շարունակական ներդրումներ պաշտպանական արդյունաբերական բազայում»,- ասվում է համաձայնագրում։
Նշվում է, որ ԱՄՆ-ն մտադիր է երկարաժամկետ նյութական, ուսուցողական, խորհրդատվական, հետախուզական, անվտանգության, պաշտպանական-արդյունաբերական, ինստիտուցիոնալ և այլ աջակցություն տրամադրել Ուկրաինայի անվտանգության և պաշտպանական ուժերի զարգացմանը, որոնք ընդունակ են պաշտպանելու ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինան և զսպելու ապագա ագրեսիան։
Добавить комментарий