Իրանն ու Ռուսաստանը քննարկել են Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի առաջխաղացմանը վերաբերող հարցերը
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Միհրդատ Բազրփաշը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Իգոր Լևիտինի և Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպումը կայացել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի, տրանսպորտային բազմակողմանի համաձայնագրերի և Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի իրականացման գործընթացի ներկայիս իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Այս համատեքստում կողմերը նշել են տարանցման զարգացման և Իրանի տարածքով տարանցման ծավալների ավելացման մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռեշտ-Աստարա 164 կմ-անոց երկաթուղու նախագծի կառուցմամբ «Հյուսիս-հարավ» միջանցքի շինարարությունն ավարտելու հարցը։
Կողմերն ընդգծել են նաև երկկողմ համագործակցության բարելավման և բազմակողմ տրանսպորտային համաձայնագրերի իրագործման կարևորությունը՝ «Հյուսիս-հարավ» միջանցքով տարանցումը մեծացնելու համար։ Այս համատեքստում վերջիններս կարևորել են երկու երկրի միջև երկաթգծերի զարգացման ոլորտում համագործակցության մեծացումը բեռնափոխադրումներն ավելացնելու նպատակով։
Добавить комментарий