
Նոր պատերազմի պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը. Բաքվի ՊՆ
Բաքվի Հանրապետության ՊՆ-ն հայտարարություն է տարածել մամուլում հայտնված տեղեկությունների՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև CAESAR ինքնագնաց հրետանային ստորաբաժանումների առքուվաճառքի պայմանագրի կնքման մասին։
Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանային ստորաբաժանումների և այլ զինատեսակների տրամադրումը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործունեության ևս մեկ ապացույց է։
Ըստ հաղորդագրության՝ թեև Ֆրանսիայի ՊՆ-ն նախորդ տարվա հոկտեմբերին իր հայտարարության մեջ պնդում էր, որ Հայաստանին մատակարարվող զինտեխնիկան պաշտպանական բնույթ է կրում, սակայն ներկայիս ռազմական գործարքով Հայաստանին մահաբեր զենք մատակարարելը կեղծավորության ևս մեկ դրսևորում է։
«Մենք հայտարարում ենք, որ Հարավային Կովկասում իրավիճակի սրման և պատերազմի նոր օջախ ստեղծելու պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու են Հայաստանի ռևանշիստական քաղաքականություն վարող ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Թշնամի պետությունը պետական մակարդակով սպառնալիք պարունակող հայտարարություններ է հնչեցնում, փորձում անհիմն մեղադրել Հայաստանին և պատասխանատվությունն ամբողջությամբ բարդել մեկ այլ կողմի վրա։ Ալիևի և նրա վարչակազմի հռետորաբանությունից ակնհայտ է, որ տեղեկատվական քարոզչությունը հիմնական գործիքներից մեկն է, որի միջոցով փորձում են անկայունություն հրահրել։
Добавить комментарий