Օկուպացված Ստեփանակերտում ավելի քան 3 հազար քաղաքացի է բնակվում․ պնդում են Բաքվից
Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Բաքվի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչիմ Յուսուբովը հայտնել է, որ քաղաքում ներկայումս ավելի քան 3 հազար քաղաքացի է բնակվում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ադրբեջանցի պաշտոնյան շեշտել է, որ Ստեփանակերտում բնակվում են պետական կառույցների աշխատողներ ու բիզնեսով զբաղվող անձինք։ Նրա խոսքով՝ Ստեփանակերտում այժմ 43 հաստատություն է գործում, որտեղ ավելի քան 300 մարդ է աշխատում։
«Նախատեսվում է առաջիկայում ևս 37 օբյեկտի բացում, իսկ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո բնակիչների թվի ավելացում է ակնկալվում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Բաքվի իշխանությունները հայտարարել են այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրի մասին, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2027 թվականը բռնակցված Արցախի Հանրապետության տարածքում ավելի քան 34.500 ընտանիք վերաբնակեցնել։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախում Բաքվի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական երկրորդ հանրապետությունն ամբողջովին հայաթափվեց, իսկ ավելի քան 105 հազար արցախահայերն ապաստանեցին Հայաստանում:
Այս պահին հայտնի չէ, թե Արցախում քանի հայ բնակիչ է մնացել, քանի որ պաշտոնական վիճակագրություն չկա։ Նախորդ տարեվերջին Կարմիր խաչից հայտնել էին, որ 25 մարդու են օգնել, որպեսզի նրանք կապ հաստատեն Հայաստանում կամ արտերկրում գտնվող իրենց հարազատների հետ։
Добавить комментарий