
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են օկուպացված Հադրութի զորամաս
Ադրբեջանցի լրագրողները ծանոթացել են զորամասի պայմաններին, զենք-զինամթերքին, սննդին, զինվորականների համազգեստին ու կենցաղային պայմաններին։
Զենքերի մասին տեղեկացրել է ադրբեջանական բանակի հրամանատար Ռեալ Ջաֆարովը։
Նա նշել է, որ RPG 40 մմ անհատական զենքը նախատեսված է խրամատներում և լեռներում հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար. «6․3 կիլոգրամ քաշով այս զենքը ադրբեջանական արտադրության է, այն ավտոմատ նռնականետ է և ունի 1000 մետր հեռահարություն։ Մյուս զենքը ադրբեջանական արտադրության «Իսթիքլալ» զենքն է։ Այն նախատեսված է հակառակորդի հնարավոր դիպուկահարներին խոցելու համար։ Զենքի հեռահարությունը 7000 մետր է, այն կշռում է ավելի քան 35 կիլոգրամ»։
Մեկ այլ զինվորական նշել է, որ այստեղ ցուցադրված «Cargo 2» հարվածային անօդաչու թռչող սարքը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար: Սարքը Թուրքիայի արտադրության է և օգտագործվել է Արցախում ահաբեկչական (խմբ․) գործողություններում։
Թշնամի պետությունը «խաղաղության» շրջանին զուգահեռ փորձում է անհիմն մեղադրել Հայաստանին զինվելու մեջ և միաժամանակ հայտնել, որ ադրբեջանական արտադրության զենքերը նախատեսված են հակառակորդին ոչնչացնելու համար։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջին շրջանում հատկապես հետին պլան է մղվել, ինչը, կարող ենք ենթադրել, կապված է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի` «COP29»-ի հետ։
Добавить комментарий