5

Հայոց ցեղասպանության թանգարանը համիդյան ջարդերի մասին արժեքավոր արխիվային նյութեր է ստացել

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը համիդյան ջարդերի վկայությունների մասին արժեքավոր արխիվային նյութեր է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։

Բացառիկ արխիվային փաստաթղթերը թանգարանի ֆոնդերին է փոխանցել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է` արդեն երկրորդ անգամ է, որ Համբարձումյանն արժեքավոր արխիվային նյութեր է նվիրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Նա վստահեցրել է, որ դրանք կուսումնասիրվեն ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից և կհրապարակվեն:

«Արխիվային նյութերը հիմնականում իտալերեն փաստաթղթեր են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են համիդյան ջարդերի ականատես, ծագումով իտալացի ֆրանցիսկյան վանական Սալվատորե Լիլլիին, որը 1982 թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից դասվել է երանելիների շարքին»,– ասել է Իտալիայում ՀՀ դեսպանը:

Թանգարան–ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանն էլ նշել է, որ հայր Սալվատորե Լիլլին, որը հայերի և ընդհանրապես քրիստոնյաների հանդեպ 1894-1895 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի կառավարման շրջանում իրականացված հետապնդումների և ջարդերի մասին շատ հետաքրքիր վկայություններ է թողել, սպանվել է յոթ հայ ուղեկիցների հետ օսմանյան զինվորների կողմից 1895 թ․ նոյեմբերի 19-ին:

Խաչատրյանը տեղեկացրել է, որ իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտայի և Կարլո Կոպպոլայի հետ համատեղ պատրաստվում են գիրք հրապարակել այս արխիվի ուսումնասիրության հիման վրա:

Добавить комментарий

From the author