Ակնկալում ենք ձեր ներգրավվածությունը Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործում․ Լիլի Մինասյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլի Մինասյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի նիստին ելույթ ունենալով, ասել է․ «Թույլ տվեք պատմել ձեզ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումների մասին։

Այս տարի ապրիլին Հայաստանն ու Բաքվի Հանրապետությունը (խմբ.) վերջապես սկսեցին սահմանների դելիմիտացիայի գործընթացը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ողջունվել է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից` ներառյալ Եվրոպայի միության։

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Հայաստանն ու Բաքվի Հանրապետությունը (խմբ.) ամենաբարձր մակարդակով պայմանավորվել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Հայաստանը հավատարիմ է այս սկզբունքին և իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից այն կողմ որևէ հավակնություն չունի։ Այս մոտեցումը Հայաստանի Հանրապետությունը գործնականում ապացուցել է Բաքվի Հանրապետության (խմբ.) Ղազախի և Հայաստանի Տավուշի մարզի չորս գյուղերում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ։

Առաջին անգամ անկախ պետականության շրջանում Հայաստան-Բաքվի Հանրապետություն (խմբ.) սահմանի 12 կմ տարածքը սահմանազատված է։ Զուգահեռաբար կողմերը պայմանավորվել են ավարտել Հայաստանի Հանրապետության և Բաքվի Հանրապետության (խմբ.) միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կանոնակարգի նախագծի համապատասխանեցումը մոտ օրերս:

Հույս ենք հայտնում, որ սահմանի ամբողջ երկայնքով սահմանազատման գործընթացը շարունակական կլինի, և խնդրահարույց բոլոր հարցերը կլուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։

Քանի որ Հայաստանի կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում, մենք պաշտոնապես առաջարկել ենք Բաքվին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

Հուսով ենք` այս նախաձեռնությունը դրական արձագանք կստանա Բաքվի գործընկերներից։

Հարգելի' գործընկերներ,

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղությանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն պետական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման վրա երկու պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարևոր դեր ունի Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությանը նպաստելու գործում: Մենք գնահատում ենք ձեր ներդրումը տարածաշրջանի խաղաղության և կայունության գործում և ակնկալում ենք ձեր շարունակական ներգրավվածությունը Հայաստան-Բաքվի Հանրապետություն (խմբ.) հարաբերությունների կարգավորման գործում։

Շնորհակալություն»։

Добавить комментарий

From the author