ս

Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու

Հեղինակ
Գոհար Ավետիսյան


Եթե Եվրոպական միություն մտնելու հանրաքվե անենք, մարդիկ հարց են տալու՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն, այդ պատասխանը չունեմ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառմանը: 

«Ես ինքս Եվրոպական խորհրդականի ամբիոնից հանդես գալով հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ լինել մոտիկ այնքան, որքան Եմ-ն դա հնարավոր կհամարի: Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, ես այդպիսի հայտարարություն չէի անի: Կամ եթե ես նման հայտարարություն անեի այն պայմաններում, որ ՀՀ ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ես ՀՀ վարչապետ չէի լինի այդ հայտարարությունից հետո:

Հիմա խնդիրը ո՞րն է. անել  հանրաքվե պարզելու համար ժողովրդի կարծիքը. Կներեք, ես որպես պաշտոնյա, որ իրավասու եմ ներկայացնել Հայաստանի ժողովրդին, ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը: Հիմա հանրաքվե անե՞լ, թե՞ չանել, ինչո՞ւմ է պրոբլեմը: Եթե մենք այսօր անում ենք հանրաքվե, մենք պետք է անենք քարոզարշավ: Երբ մենք գնանք քարոզարշավ, մարդիկ մեզ տալու են հարցեր՝ սկսած ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով: ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում: Ինձ ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն է պատրաստ: Հիմա հարց՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ: Ես այդ հարցի պատասխանն այսօր չեմ կարող տալ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ում էլ են այսօր պրոցեսներ տեղի ունենում, և իրենք պետք է դա գնահատեն. «ԵՄ-ում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքները առնվազն որոշակի հարցեր են բարձրանում»,- ընդգծեց վարչապետը:

 

Добавить комментарий

From the author