Տուգանք թուրքական ռադիոյին՝ «Հայոց ցեղասպանություն» տերմինը հիշատակելու համար
«Օսմանյան հողերում տեղի ունեցած տեղահանությունների և ցեղասպանություն կոչված ջարդերի 109-րդ տարելիցի ոգեկոչումը, ինչպես գիտեք, այս տարի էլ արգելվել է» արտահայտության համար թուրքական «Açık Radyo»-ն տուգանվել է RTÜK-ի կողմից։
RTÜK-ը Թուրքիայում լրատվամիջոցների դաշտը կարգավորող ռադիո-հեռուստատեսության բարձրագույն խորհուրդն է։
RTÜK-ի հայտարարության մեջ նշվում է, որ այն փաստը, որ հեռարձակման ժամանակ հստակ նշվել է «ցեղասպանություն» որակումը և փորձ չի արվել ուղղում կատարելու, հանրային պատասխանատվություն է և ատելություն ու թշնամանք է հրահրում հասարակության մեջ։
Որոշման մեջ նախազգուշացվել է, որ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում հեռարձակումը կդադարեցվի մինչև տասը օրով, իսկ կրկնվելու դեպքում՝ «Açık Radyo»-ն կզրկվի հեռարձակվելու իրավունքից։
««Ինչպես գիտեք, այս տարի նույնպես արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակումը» հայտարարության հետ կապված ուղղում չանելը անհամատեղելի է հանրային պատասխանատվության և պատասխանատու հեռարձակման ըմբռնման հետ»,- նշել է RTÜK-ը։
Թուրքական ռադիոն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր հեռարձակումները մշտապես օբյեկտիվ են եղել, և կշարունակի հեռարձակումը խոսքի ազատության սկզբունքի հիման վրա։
Добавить комментарий