Արհեստական խոչընդոտներ են ստեղծվում խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում խոսել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին՝ ասելով, թե երբեմն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար:
«Շատ կարևորում ենք Բաքվի Հանրապետության (խմբ.) հետ սահմանազատման գործընթացի՝ Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքներով շարունակականությունը: Սրան զուգահեռ կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիրը, և այստեղ ևս Հայաստանը նախկինի պես շատ կառուցողաբար է տրամադրված: Հայաստանի առաջարկները, մոտեցումները թափանցիկ են: Հուսով ենք և իրատեսական ենք համարում, ես ինքս նաև հայտարարություն եմ արել այն մասին, որ մենք մեկ ամսվա ընթացքում կարող ենք, արագ ու ինտենսիվ աշխատելով, ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել Բաքվի Հանրապետության (խմբ.) հետ այդ շատ կարևոր փաստաթուղթը:
Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը: Հակառակը, մենք տեսնում ենք, որ նոր, վստահաբար կարող եմ ասել՝ արհեստական խոչընդոտներ են երբեմն ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու: Եվ ինչպես նախկինում, այս պահից հետո ևս և այս պահին էլ Հայաստանը շարունակում է շատ կառուցողական դիրքորոշում ունենալ ու ներգրավված լինել այս հարցում»,- նշել է Միրզոյանը:
Добавить комментарий