
Թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը շարունակում է մնալ Իրանի նախագահական ընտրապայքարի առաջատարը
Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը շարունակում է մնալ ընտրապայքարի առաջատարը։
Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին փաստում են իրանական «Շենախտ» վերլուծական կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։
Հաղորդվում է, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլին միանշանակ մասնակցելու է իրանցիների 42%-ը։ Նրանց 52%-ը նշել է, որ պատրաստ է քվեարկել բարեփոխիչների թեկնածու Փեզեշքիանի, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլիի օգտին՝ 48%-ը։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 15%-ը դեռ թեկնածուներից ոչ մեկին նախապատվություն չի տվել, իսկ 17%-ը կասկածում է, որ առհասարակ կմասնակցի առաջիկա քվեարկությանը։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իրանում կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, ուստի Իրանի նախագահի ընտրությունը տեղափոխվեց 2-րդ փուլ, որը կկայանա հուլիսի 5-ին։
Добавить комментарий