Չինաստանի հետ տարբեր ոլորտներում շատ օգտակար պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ իր այցը Չինաստան շատ արդյունավետ ու հաջող է անցել և Չինաստանի հետ տարբեր ոլորտներում շատ օգտակար պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Ռայիսին հույս է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի կզարգանա:
Ռայիսին շեշտել է, որ երկու երկրների շփման ռազմավարական մակարդակը ռազմավարական է դարձրել նաև բանակցային իրավիճակը՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում երկու կողմերին հետաքրքրող հարցերին հետամուտ լինելու համար։ Նրա խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականությունը հարևանների նկատմամբ վստահության ձևավորումն է և Ասիայում տնտեսական սերտաճումը։
Իրանի նախագահը հիշեցրել է, որ իր այցի ընթացքում Չինաստանի հետ ստորագրվել է շուրջ 20 համաձայնագիր։
«Այս պայմանագրերի և համաձայնագրերի կնքումից հետո կայացած հանդիպմանն ընդգծվել է առևտրային, տնտեսական, էներգետիկ, գիտատեխնիկական ոլորտներում համագործակցությունը շարունակելու և զարգացնելու երկու կողմերի լուրջ կամքը, և բոլոր հարցերում մենք կարողացել ենք լավ որոշումներ կայացնել»,- հայտարարել է նա:
Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ Իրանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով արդյունավետ դերակատար է, և երկիրը պետք է կարողանա արդյունավետ դերակատարում ունենալ նաև տնտեսական ոլորտում։
Добавить комментарий