Նախիջևանում փառատոնի շրջանակում ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով․ «Monument Watch»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Վերջին շրջանում Բաքուն նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։ Այս մասին ահազանգում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» իրականացնող «MONUMENT WATCH» անկախ ակադեմիական հարթակը։

Հարթակը մասնավորապես նշում է․ «Այդպիսի միջոցառումներից մեկը 2024 թվականի հունիսի 21-ից 22-ը Նախիջևանում անցկացված ազգագրական փառատոն-համագումարն էր, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։ Փառատոնը կազմակերպվել էր Բաքվի Հանրապետության և Նախիջևանի նախագահների, Բաքվի Հանրապետության գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական ​​համալսարանի և «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի կողմից։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ վերականգնելու իրենց հայրենիքից հեռացած ադրբեջանցիների «պատմական իրավունքները»։ Փառատոնի շրջանակում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։ Փառատոնի շրջանակում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են որպես զուտ ադրբեջանական, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ին նվիրված բանահյուսության օրինակներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ և այլն։ Փառատոնի շրջանակում ներկայացվել են նաև հայկական խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ՝ նկատի ունենալով ոչ թե Հայաստանը, այլ , բնականաբար, Բաքվի Հանրապետությունը:

Փառատոն-համագումարի առաջին օրն անցկացվել է Բաթաբաթ սարահարթում։ Այստեղ տեղադրվել են վրաններ, որոնք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության 11 մարզերը (ադրբեջանցիների կայքերում ՀՀ մարզերը ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջանի»-ի նահանգներ)։ Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում է հայկական մշակույթի բռնյուրացման իր տարբերակը՝ ներառյալ բանահյուսությունն ու ազգագրական մշակույթը, ազգային խոհանոցն ու արհեստները։ Երկօրյա միջոցառումը դարձել է նաև Հայաստան (իրենց խոսքով` «Արևմտյան Ադրբեջան») վերադառնալու թեմայով սոցիալ-մշակութային քննարկումների հարթակ։ Փառատոնի «գիտական» քննարկումներում ներգրավված են եղել Բաքվի (խմբ.) գիտությունների ազգային ակադեմիան, Բաքվի պետական ​​համալսարանը, Բաքվի (խմբ.) ազգային կոնսերվատորիան, Բաքվի ճարտարագիտական ​​համալսարանը: Նպատակը՝ ապահովել գիտակրթական հանրույթի աջակցությունը «հինավուրց հայրենիք»՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործընթացին։ Հիշեցնենք, որ նման մեկ այլ փառատոն էլ անցկացվել է 2023 թվականի նոյեմբերին՝ կրելով նույն խորագիրն ու հայկական ժառանգությունը յուրացնելու նույն նպատակը։

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Բաքվի Հանրապետությունը (խմբ.) շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամբ»։

0
0
0

Добавить комментарий

From the author