Իրանը և Չինաստանը միջազգային հարաբերությունների կարևոր և անկախ խաղացողներ են. Ուլյանով
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Իրանն ու Չինաստանը միջազգային հարաբերություններ ձևավորող բազմաբևեռ համակարգի հիմնական մասնակիցներից են, ինչպես նաև կարևոր և անկախ խաղացողներ։ Այս մասին Ուլյանովն ասել է իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Ուլյանովը շեշտել է, որ Ռուսաստանի համար և՛ Չինաստանը, և՛ Իրանը արժեքավոր գործընկերներ են, շատ լավ բարեկամներ և հարևաններ։
«Ուստի մենք ողջունում ենք նրանց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը։ Ինչ վերաբերում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Չինաստան կատարած այցին, ապա կարծում եմ, որ այն առաջին հերթին ուղղված է երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդմանը, հատկապես երկկողմ 25-ամյա ռազմավարական համագործակցության ծրագրի լույսի ներքո»,- ասել է նա։
Վերջինս նշել է, որ Իրան-Չինաստան հարաբերություններն ունեն հետագա զարգացման բոլոր հնարավորությունները։ Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ միջազգային հարաբերություններում և համաշխարհային տնտեսության մեջ շատ կարևոր և անկախ խաղացողներ են։
«Անկասկած, նրանք զգալի ներդրում ունեն նոր բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում։ Նրանք միջազգային հարաբերությունների ձևավորվող բազմաբևեռ համակարգի հիմնական մասնակիցներից են»,- շեշտել է դիվանագետը։
Ուլյանովի համոզմամբ՝ ԱՄՆ-ն հաճախ իր արտաքին քաղաքականությունը հիմնավորում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, և սա վերաբերում է նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի փոխգործակցությանը։ Նա հավելել է, որ այս երեք երկրները պետք է զգոն լինեն և չտրվեն Վաշինգտոնի սադրիչ գործողություններին։
Добавить комментарий