Արցախի տարածքում թողել ենք 6000-ից ավելի հուշարձան. այժմ ազատվում են հայկական շնչից. արցախցիների ակցիան՝ ՄԱԿ-ի դիմաց

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Արցախի տարածքում մենք թողել ենք 6 հազարից ավելի պատմամշակութային  հուշարձան, որոնք այսօր ֆիզիկական ոչնչացման, նաև իսլամացման վտանգի տակ են: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից Արմինե Հայրապետյանը, հաղորդում է «News.am»-ը։

«Սա այն քաղաքականությունն է, որ Բաքուն, սկսած 1920-ականներից, իրականացնում է էթնիկ զտումներին զուգընթաց: Հիմա, երբ Բաքուն էթնիկ զտման է ենթարկել Արցախի տարածքը, հիմա էլ հայկական հետքի վերացման խնդիրն է լուծում: Նա ոչնչացնում է հայկական հոգևոր շինությունները, արդեն ունենք 3 եկեղեցի հիմնահատակ ավերված՝ առաջինը Ջրականի Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, Բերձորի եկեղեցին և Շուշիի Հովհաննես Մկրտչի եկեղեցին է, որը հայտնի է Կանաչ ժամ անունով, որ հիմնահատակ ավերվել է: Եթե առաջին երկուսի դեպքում Բաքուն հայտարարում էր, որ դրանք նոր են կառուցվել, ապօրինի են կառուցվել իր տարածքում, ապա Հովհաննես Մկրտչի եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում: Զանգվածաբար վերացվում են գերեզմանոցներ, բնակավայրեր, օրինակ` Քարին Տակ գյուղը: Արցախի տարածքն ազատվում է հայկական շնչից»,- ասաց նա:

Նշվեց նաև, որ ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված նամակ են պատրաստել, որտեղ նշել են հենց Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, որպեսզի ՄԱԿ-ը ճնշի Բաքվին, որ նա հարգի դատարանի որոշումները:

Добавить комментарий

From the author