Թուրքիայի միակ հայկական գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չկան. Փայլան
Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը տեղեկացրել է, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով երկրի միակ հայկական գյուղում՝ Վագըֆլըում, զոհեր չկան։ Այս մասին Փայլանը գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Թուրքիայի վերջին հայկական գյուղում՝ Վագըֆլըում, զոհեր չունենք։ Տներ են վնասվել: Մենք դա համերաշխորեն կվերանորոգենք»,- գրել է Փայլանը։
Փայլանի խոսքով՝ գյուղը երկրաշարժից լուրջ վնասներ չի կրել։
«Այստեղ շատ լուրջ կորուստներ չկան, միայն տներն են վնասվել։ Գյուղացիներն անշուշտ շատ ուժգին երկրաշարժի են ականատես եղել։ Այստեղ մեր ժողովրդին, գյուղացիներին ցավակցեցինք և ասացինք, որ նրանց վերքերը միասին կվիրակապենք»,- նշել է պատգամավորը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժի հետևանքով վնասվել էին գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու արտաքին պատերը։
Добавить комментарий