
Իրանի նորընտիր նախագահը վերահաստատել է երկրի աջակցությունը «Հիզբոլլահ»-ին
Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահին ուղղված ուղերձում վերահաստատել է Թեհրանի շարունակական աջակցությունը տարածաշրջանային դիմադրությանը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Փեզեշքիանն իր ուղերձում նշել է, որ Իրանն ամենայն վճռականությամբ կշարունակի իր աջակցությունը Դիմադրության առանցքին: Նրա խոսքով՝ Թեհրանը մշտապես աջակցել է սիոնիստական անօրինական ռեժիմին ցուցաբերվող դիմադրությանը, և այս հարցում որևէ փոփոխություն չի լինի։
Իրանի նորընտիր նախագահը հայտնել է, որ այդ աջակցությունը հիմնված է Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության, հանգուցյալ իմամ Խոմեյնիի իդեալների և Իսլամական հեղափոխության առաջնորդի ղեկավարմամբ հաստատված սկզբունքների վրա։
«Վստահ եմ, որ տարածաշրջանի դիմադրության շարժումները թույլ չեն տա սիոնիստական ռեժիմին շարունակել իր ռազմատենչ ու հանցավոր քաղաքականությունը Պաղեստինի ճնշված ժողովրդի և տարածաշրջանի այլ երկրների դեմ»,- եզրափակել է նա։
Добавить комментарий