Իրանի ԱԳ նոր նախարարի հավանական թեկնածուն Աբբաս Արաղչին է
Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնում ամենայն հավանականությամբ կնշանակվի երկրի նախկին փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Փեզեշքիանին մոտ կանգնած աղբյուրներին։
Հաղորդվում է, որ նորընտիր նախագահի քաղաքական խորհրդատուները կարծում են՝ Արաղչին ամենահարմարն է երկրի ԱԳՆ-ն ղեկավարելու համար։ Հրապարակման համաձայն՝ եթե ոչ մի առանձնահատուկ բան չպատահի, քաղաքական գործչի թեկնածությունը կներկայացվի Իսլամական Հանրապետության խորհրդարանի քննարկմանը։
Նշվում է, որ Արաղչին արդեն ծառայում է որպես արտաքին քաղաքականության հարցերով Փեզեշքիանի խորհրդական։ Նա, մասնավորապես, նորընտիր նախագահին խորհուրդներ է տվել իսլամական դիմադրության խմբերի առաջնորդների և տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Արաղչին 2017-2021 թվականներին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը նախկին նախագահ Հասան Ռոհանիի երկրորդ կառավարության կազմում։ Բացի դրանից՝ նա երկար ժամանակ գլխավորել է երկրի պատվիրակությունը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, ներկայումս զբաղեցնում է Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Добавить комментарий