Опубликовано D.Guyumjyan -
detq

Ռուսական կողմն ափսոսանք է հայտնել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հայկական կողմի մասնակցության համար

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է՝ ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Գալուզինը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ և ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է։

«Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն այնտեղ, ցավոք, այլ ճանապարհ են ընտրել։ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով՝ չհաշված Վաշինգտոնում այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելը, որն ընթանում է այս օրերին։ Այս ամենը, ծայրահեղ ափսոսանքից բացի, ոչինչ չի կարող առաջացնել»,- ասել է նա։

Բացի դրանից՝ ՌԴ փոխարտգործնախարարը կարծում է, որ այդպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական երկրի անվտանգության։

«Կարծում եմ՝ Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը։ Իմ կարծիքով՝ երկու աթոռի վրա նստելու փորձերի անիրատեսական բնույթը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, երբ Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում նա խոսեց Երևանի` եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։

 

Добавить комментарий