Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով միջնորդ դիտարկել Իրանին. պնդում է Ռուդենկոն
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով միջնորդ դիտարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նա հայտարարել է «Վալդայ» բանավեճի ակումբի հերթական նստաշրջանի ժամանակ։
Ռուդենկոն միևնույն ժամանակ շեշտել է, որ Մոսկվան Թեհրանից միջնորդական ջանքերի վերաբերյալ կոնկրետ ազդակներ դեռ չի ստացել։
«Մեր իրանցի բարեկամներից կոնկրետ ազդակներ առայժմ չենք ստացել, բայց եթե Իրանը միջնորդական ջանքերին միանալու շահագրգռվածություն ցուցաբերի, ինչով այժմ զբաղվում է մոտ մի քանի տասնյակ երկիր, ապա մենք պատրաստ ենք դա դիտարկել»,- ասել է փոխնախարարը:
Նկատենք, որ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ուկրաինական հակամարտության կարգավորման համար միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին:
Օրերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև միջնորդական առաքելություն կարող են կատարել ԱՄՆ-ն, Եվրոպական միությունը և Չինաստանը։
Добавить комментарий