1

Իրանի ազգային շահերի տեսանկյունից անթույլատրելի է, որ Երևանի և Բաքվի միջև սահմանագծումն ու սահմանազատումը դառնան խաղաղության կնքման նախապայման․ քաղաքագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Քաղաքագետ Վարդան Բալյանը գրում է․ «Իրանական «Parstoday» կայքը մի հետաքրքիր հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Իրանից Հայաստան գազատարով հնարավոր է ապահովել մեր երկրի գազի պահանջարկի կեսից ավելին: Հետաքրքիր է, որ մատակարարվող գազի ծավալների էական ավելացման պատրաստակամության մասին թափանցիկ ակնարկը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապվող լրատվամիջոցն անում է արձանագրումով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև Շուշիում պաշտպանական համաձայնագրի ստորագրումը, Արցախից ռուսական խաղաղապահ զորքերի և հայաստանա-ադրբեջանական սահմանից ռուսական սահմանապահների դուրսբերումը լուրջ ազդեցություն են գործել Իրանի շահերի և անվտանգության տեսանկյունից, ըստ որում` հետևանքները երկարաժամկետ հեռանկարում ավելի տեսանելի են դառնալու:

Հետաքրքրական է այն, որ իրանցիները Հայաստանի` Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցումը գնահատում են որպես արդեն այս պահին օրակարգային մեր իշխանությունների համար՝ չբացառելով Ադրբեջանից գազի և նավթի մատակարարումների նախապատվելիությունը իրանականի համեմատությամբ: Ու այս հանգամանքը իրանցիները դիտարկում են որպես թուրք-ադրբեջանական միության ազդեցության աճ, որ ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը:

Անդրադարձ կա այսպես կոչված անկլավների թեմային. «Եթե Ադրբեջանը հասանելիություն ստանա անկլավային տարածքներին, որտեղով անցնում է Հայաստանը սնուցող ռուսական ռազմավարական գազամուղը, այդ կնշանակի Բաքվի կողմից վերահսկողություն»: Իրանի ազգային շահերի տեսանկյունից անթույլատրելի է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը դառնան խաղաղության կնքման նախապայման, քանի որ Իսլամական Հանրապետությանը թշնամաբար տրամադրված երկրները կարող են օգտագործել այդ լծակը Իրանի սահմանակից տարածաշրջանի ապակայունացման նպատակով»:

Добавить комментарий

From the author