98456

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին. այն իհարկե սպասվում էր, քանի որ ազդարարված էր դեռեւս Բաքվում Պուտինի հայտարարուոյամբ:

Առաջինը, որ ուշադրության է արժանի առնվազն խորհրդանշական իմաստով, դա այն է, որ Պուտինի հեռախոսազանգը Փաշինյանին տեղի է ունենում Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը: Որեւէ կերպ հնարավոր չէ ստույգ ասել՝ ընտրվա՞ծ է այդ օրը հատուկ, թե՞ Կրեմլը այդ մասին չի էլ մտածել եւ պարզապես այդպես է ստացվել ժամանակացույցով: Նկատեմ միայն, որ քաղաքականության մեջ խորհրդանշականությանը տրվում է տեղ եւ խորհրդանշանները ըստ էության քաղաքականության «լեզուներից» մեկն են:

Առավել եւս, որ այս պարագայում Անկախության հռչակագրի հանգամանքը բոլորովին միայն խորհրդանշական չէ, հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Բաքվի պայմանները՝ Սահմանադրություն փոխելու եւ այդ կերպ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության կապակցվածությունը կտրելու վերաբերյալ:

Այդ իմաստով, առնվազն կա հարցադրման տեղիք՝ նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը, եւ արդյո՞ք ռուսական կողմը այդ կերպ փորձել է դնել վերաբերմունքի խորհրդանշականություն:

Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի բուն բովանդակությանը, ապա այստեղ նկատենք հայկական կողմի եւ Կրեմլի տարածած հաղորդագրությունների որոշակի տարբերություն: 

«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար»: Սա հայկական կողմի տարածած հաղորդագրությունն է:

Կրեմլի կայքում փոքր ինչ ավելի մանրամասն է, մասնավորապես շեշտվում է, որ «շարունակվել է հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հարցերի քննարկումը, հաշվի առնելով նաեւ Բաքու կատարած Պետական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ Ռուսաստանի նախագահի բանակցությունը»: Հետո հիշատակվում է, որ Ռուսաստանը հետագայում էլ պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման, նաեւ հաղորդուղիների ապաշրջափակման հարցոււմ:  Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ գոհ են երկկողմ հարաբերության առեւտրատնտեսական ընթացքից: «Պայմանավորվել են շարունակել շփումները», ավարտում է Կրեմլը: 

Տեսնում ենք, որ տարբեր է ձեւակերպումը՝ հայկական կողմն ասում է պատեհ առիթով հանդիպելու պայմանավորվածության մասին, ռուսական կողմը ձեւակերպում է՝ «շփումները շարունակելու», ինչը կարող է ենթադրել նոր հեռախոսազրույց:

Շարունակում եմ լինել այն կարծիքին, որ այս պահին հայ-ադրբեջանական հարցը Ռուսաստանի համար ածանցյալ է, իսկ Պուտինի Բաքու այցի առանցքային նպատակը Հյուսիս-հարավ օրակարգն է: Ընդ որում, այստեղ պետք է հասկանալ ոչ միայն զուտ երթուղին՝ ապրանքային, առեւտրային ուղին, այլ Հյուսիս-հարավ գլոբալ համակարգը:

Հայ-ադրբեջանական հարցն այս պահին Կրեմլին թերեւս հետաքրքրում է այնքանով, որքանով ցանկալի չէ, որ այդ հարցում լինեն զարգացումներ, որոնք կարող են այսպես ասած պահանջել Ռուսաստանից մեծ ջանք եւ ուշադրություն»:

 

 

Добавить комментарий

From the author