Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի որոշումը՝ «օրինականացնել» բնակավայրերը պաղեստինյան օկուպացված տարածքներում
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը՝ «օրինականացնել» բնակավայրերը պաղեստինյան օկուպացված տարածքներում և կառուցել նոր բնակավայրեր։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ կիրակի Իսրայելի կաբինետը հայտարարել է օկուպացված արևմտյան ափում ինը բնակավայր օրինականացնելու մասին:
Նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի որոշումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային իրավունքի համապատասխան կանոնների կոպտագույն խախտում է։
Եգիպտոսն այդ քայլը համարում է «անընդունելի սադրիչ գործողություն, որը համընկնում է Կահիրեում Երուսաղեմի համաժողովի գումարման հետ», ասվում է հայտարարության մեջ։
Եգիպտոսը զգուշացրել է Իսրայելի որոշման հետևանքների մասին, որը մեծապես կբորբոքի իրավիճակն օկուպացված տարածքներում և սարսափելի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար։
Եգիպտոսն Իսրայելից պահանջել է անհապաղ դադարեցնել բոլոր միակողմանի միջոցները, ներառյալ տների քանդումը, ձերբակալությունները և արշավանքները, որոնք ուղղված են պաղեստինցի ժողովրդի դեմ:
Հայտարարության մեջ ընդգծված է․ «Իրավիճակը հանդարտեցնելու միակ միջոցը միջազգային օրենքների խախտումների դադարեցումն է։ Պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա վերադառնալ բանակցությունների սեղան՝ նպատակ ունենալով հասնելու Պաղեստինի խնդրի լուծմանը»:
Իր եզրափակիչ հայտարարության մեջ Արաբական լիգայի կենտրոնակայանում կիրակի տեղի ունեցած Երուսաղեմի համաժողովը դատապարտել է Իսրայելի համակարգված քաղաքականությունը՝ խեղաթյուրելու Երուսաղեմի արաբական և իսլամական ինքնությունը:
Добавить комментарий